Համավարակը կանգնեցրեց կյանքը, բայց այդ կանգառներում էլ մարդիկ ապրում էին։ Մեր կյանքի ռիթմը, ձևը, աշխատանքը, մարդկանց հետ հաղորդակցությունը, ամեն ամեն ինչ հարմարեցնում ենք համավարակի թելադրած կանոններին։ Այսօր, վաղն առավել ևս՝ կինոյում, թատրոնում, գրականության մեջ տեսնելու ենք համավարակի թողած հետքերն ու հենց համավարակի պատմությունը։ Լուսանկարները բացառություն չեն։ Միջազգային մամուլում նկատեցի «Մեծ ամայություն» խորագրով լուսանկարների շարք։ Աշխարհի տարբեր անկյուններում արված այդ նկարները պատմում էին մեկուսացման մասին, դատարկ փողոցների, համերգասրահների, լողափերի, կայարանների։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ անցկացվել ու արդեն ամփոփվել է «COVID-19-ը Հայաստանում» խորագրով լուսանկարների մրցույթը։ Հայտնի են մրցանակակիրները։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած մրցույթն ունեցել է 120 մասնակից, որոնք ներկայացրել են ավելի քան 280 լուսանկար: Կազմակերպիչները նշում են, որ մրցույթը նպատակ է ունեցել հավաքագրելու լուսանկարներ հայաստանյան իրականությունից, որոնք լավագույնս կներկայացնեին համավարակի բերած փոփոխությունները մարդկանց ու հասարակության կյանքում, կբացեին անձնական պատմություններ ու հոգեբանական դժվարություններ, ցույց կտային պայքարողներին ու չընկճվողներին։
«Մրցույթն աչքի ընկավ մեծ ակտիվությամբ և ներկայացված որակյալ աշխատանքներով: Մեզ հետ իրենց ավելի քան 280 աշխատանքներով կիսվեցին 120 մասնակիցներ, որոնց թվում կային թե՛ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, թե՛ պարզապես ստեղծարար մտքով օժտված անհատներ։ Հաղթելու արժանի շատ ստեղծագործություններ կային, և ժյուրիի առաջ, որում ներգրավված էին անվանի ու փորձառու լուսանկարիչներ, դիվանագետներ, Հայաստանում գործող միջազգային, պետական ու հասարակական կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչներ, բավական բարդ խնդիր էր դրված։ Ֆեյսբուքյան քվեարկության միջոցով հանրությանը ևս հնարավորություն տրվեց մասնակցելու անվանակարգերից մեկի հաղթող լուսանկարի ընտրության գործընթացին»,- ընդգծել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն ԲԱԳՐԱՏ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ:
Մրցույթի 1500000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդը հավասարապես բաշխվել է հաղթող ճանաչված 3 լուսանկարների հեղինակների միջև, հետևյալ անվանակարգերով... Պրոֆեսիոնալ լուսանկար անվանակարգում հաղթել է ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նրա ներկայացրած լուսանկարում պատուհանի գիշերային արտացոլանքում պատկերված է տղամարդն իր բնակարանում, իսկ պատուհանից այն կողմ՝ շենքերի վառված լույսեր։ Հեղինակի խոսքով, այդ տղամարդը մեկն է այն հազարավորներից, ովքեր գտնվում են ինքնամեկուսացման մեջ COVID-19 համավարակի օրերին։ «Զգացմունքային լուսանկար» անվանակարգում հաղթող է ճանաչվել ԱՐԱՔՍՅԱ ՍԱՔԵԼՅԱՆԸ՝ «Իրարից բաժանող չորս սերունդ ու մի մետր հեռավորություն» լուսանկարի համար: «Facebook-յան հավանումներ» անվանակարգում հաղթողը գյումրեցի ԱՐՍԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ «Կտուր» լուսանկարն է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ